ԱՄՆ ՄԶԳ Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացում

ՕԺԱՆԴԱԿՈՂ՝

Ս.թ. հունվարի 31-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակը Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁԶԱԿ), Ֆուլեր տնաշինական կենտրոնի և տեղական այլ գործընկերների հետ նշեցին գյուղի տնտեսական զարգացման երկու նոր ծրագրերի` «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» (PRP) և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնության» (ARDI) պաշտոնական մեկնարկը: Էրեբունի պլազայում կայացած միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը: Երկու ծրագրերի ղեկավարներն այնուհետև ներկայացրեցին իրենց առաջիկա նախաձեռնությունները Հայաստանում գյուղերի տնտեսական զարգացման խթանման ուղղությամբ: PRP և ARDI ծրագրերը հիմնված են ՀՀ կառավարության, ԱՄՆ կառավարության, այլ դոնորների և հասարակական կազմակերպությունների ներկայիս և նախկին նախաձեռնությունների վրա` ուղղված մայրաքաղաքից դուրս երկրի լայնամասշտաբ զարգացմանը և գյուղական համայնքներում տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը: Երկու ծրագրերը կհամատեղեն ջանքերը և կաշխատեն Հայաստանի բոլոր մարզերում` բացառությամբ Երևանի: Հնգամյա ծրագրերը իրականացվելու են մոտ 150 համայնքներում և ուղղված են ավելացնելու զբաղվածությունը մարզերում` անդրադառնալով գյուղական տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտներին, ինչպիսին են համայնքային մրցունակությունը, խելամիտ տնտեսական կառավարումը, աշխատուժի զարգացումը և փոքր ենթակառուցվածքների բարելավումը: PRP և ARDI ծրագրերը կաշխատեն ընդարձակել կանանց, երիտասարդության և խոցելի խմբերի զբաղվածության հեռանկարները, զարգացնել տեղի ձեռնարկատերերի կարողությունները և բարելավել ֆինանսական միջոցների հասանելիությունը: PRP ծրագիրը կիրականացնի ՓՄՁԶԱԿ-ը` Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD), GCCI-ի և Ի-Վի Քոնսալթինգի հետ համագործակցությամբ: ARDI ծրագիրը կիրականացնի Ֆուլեր տնաշինական կենտրոնը` Հեյֆեր Ինթերնեյշնլ Հայաստանի հետ համատեղ: