10 Հլս 2024
Համագործակցություն Ֆրանսիայի խաղողագործության և գինեգործության ինստիտուտի հետ
Ս/թ հուլիսի 1-ից 4-ը Հայաստան էին ժամանել CARD հիմնադրամի գործընկեր IFV (French Wine and Vine Institute)-ի մասնագետներ Լորեն Օդեգանը, Օլիվիե Յոբրեգան և Institut Agro Montpellier-ի պրոֆեսոր Թիերի Լաքոմբը։
CARD հիմնադրամի և IFV-ի համագործակցության շնորհիվ կարտադրվեն խաղողի ֆիլոքսերադիմացկուն, վիրուսազերծ պատվաստված տնկիներ, ինչի արդյունքում ֆերմերները կկարողանան աճեցնել առողջ և որակյալ խաղող։
Քանի որ վիրուսազերծ տնկիների արտադրությունը ժամանակատար և բազմափուլ գործընթաց է, այցի շրջանակում հյուրերը CARD հիմնադրամի մասնագետների հետ շրջել են Տավուշի, Վայոց Ձորի և Արարատյան հարթավայրի խաղողի այգիներում՝ ուսումնասիրելով և նմուշառելով էնդեմիկ խաղողի սորտեր։ Նմուշառման ընթացքում կարևորվել է խաղողի ֆիտոսանիտարական վիճակն ու մաքրասորտությունը։ Նմուշառված վազերը ստուգվելու են լաբորատոր պայմաններում, և որակական պահանջներին համապատասխանող վազերից հիմնվելու է մայրուտ, որը հետագայում դառնալու է տնկիների արտադրության կարևորագույն օղակ։
Խաղողի հայկական սորտերի գրագետ բազմացումից բացի ծրագրի շրջանակում կարևորվել է նաև վերջիններիս պահպանումը հայկական և միջազգային խաղողագործության համար, քանի որ հայկական էնդեմիկ սորտերն այս տարածաշրջանում հազարամյակների պատմություն ունեն և պարբերաբար դիմակայել են կլիմայական փոփոխությունների (օրինակ՝ մոլորակի գլոբալ տաքացումը):
CARD հիմնադրամի և IFV-ի համագործակցությունը կրում է շարունակական բնույթ: Առջևում պլանավորված են երկկողմանի այցեր՝ տնկիների արտադրության գործընթացին աջակցելու նպատակով։