
07 Մրտ 2016
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի այցը CARD հիմնադրամ
2016թ.-ի մարտի 4-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այցելեց «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ:
Այցի ընթացքում Սերգո Կարապետյանը շրջել է CARD հիմնադրամում և ՔԱՐԴ Ագրոկրեդիտ վարկային կազմակերպությունում, ծանոթացել բաժինների գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ: Նա նաև հանդիպում է ունեցել կառավարման խորհրդի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպիսիք են՝ բրուցելոզի վերահսկողությունը և կանխարգելումը ՀՀ-ում, կենդանիների և դրանց պահման վայրերի նույնականացում և գրանցում, արհեստական սերմնավորում:
Նախարարը ծանոթացել է նաև Դարակերտ համայնքում գտնվող ջերմոցային ուղղվածություն ունեցող գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի (ԳՍԿ) գործունեությանը և հետագա ծրագրերին: Բացի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներից քննարկվեցին նաև համագործակցության նոր հնարավորությունները և հեռանկարները:
Այցի ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և CARD հիմնադրամի միջև: Հուշագրի նպատակն է ընդլայնելու համատեղ գործունեության շրջանակը գյուղատնտեսության ոլորտում` սննդամթերքի անվտանգությանը և գյուղական համայնքների համաչափ զարգացմանն աջակցելու նպատակով:
Սերգո Կարապետյանը բարձր է գնահատել CARD հիմնադրամի հետ բազմամյա համագործակցությունը: Նա մասնավորապես նշել է. «CARD հիմնադրամը, որն արդեն երկար տարիներ մեր երկրում գործունեություն է ծավալում, իսկապես զգալի աշխատանք է իրականացնում գյուղատնտեսության զարգացման գործում: «Դուք մեր ամենակարևոր գործընկերներից եք, և կարծում եմ, այս բնագավառում հանդիսանում եք պետություն-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակը: Ես վստահ եմ, որ համագործակցության այս արդյունավետ փորձը, որն այսօր ամրագրեցինք նաև հուշագրի ստորագրությամբ, տարեցտարի կընդլայնվի և կամրապնդվի նոր հաջողված ծրագրերով ու նախաձեռնություններով»:
Այցելության վերջում գյուղատնտեսության նախարարը այցելել է CARD-ի գրասենյակին կից գործող “GREEN DAY” մասնագիտացված օրգանական խանութ:

