21 Հլս 2020
Հայաստանում հիմնվում է տարածաշրջանի ամենաբարձրադիր խաղողի այգին
«Մարան» ընկերությունը Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղում՝ ծովի մակերեւույթից 2050-2070 մ բարձրության վրա հիմնում է տարածաշրջանի ամենաբարձրադիր եւ զառիթափ արդյունաբերական նշանակության խաղողի այգին: Մարան ընկերությունն այգին հիմնում է Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող եւ CARD հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում — նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի աջակցությամբ, Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիայի կողմից տրամադրվող վարկի միջոցով։ Այգին մշակվելու է օրգանիկ տեխնոլոգիաներով եւ ամբողջությամբ լինելու է կենսաբազմազանության պահպանման փիլիսոփայության մեջ։ Ոլորտում կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնցից ամենակարևորներից մեկը գլոբալ տաքացումն է: Հաշվարկները ցույց են տալիս, որ առաջիկա 20-30 տարում Արարատյան գոգավորությունը կդառնա ոչ պիտանի որակյալ խաղողագործության, առավել եւս` գինեգործության համար: Ծրագրի հետազոտական մասը մեկնարկել է տարեսկզբին, հիմնվել է տեղածին սորտերի տնկարան: