![](http://www.card.am/image/images/DU9M3Gs9hVG7y3VIyvsVUTybaIqAp9CCvw6tHfaV.jpeg?h=300)
02 Դկտ 2015
Գյուղատնտեսական և Անասնաբուժական նոր Կենտրոն Ճամբարակ համայնքում
Ս.թ. նոյեմբերի 28-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ԾԻԳ) և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ համատեղ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում կազմակերպեց Գյուղատնտեսական և Անասնաբուժական Սպասարկման Կենտրոնի (ԳԱՍԿ) հանդիսավոր բացման արարողությունը:
Կենտրոնի բացմանը ներկա են գտնվել՝ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ԾԻԳ-ից, CARD հիմանդրամից և համայնքների մի շարք ֆերմերներ:
Սա թվով 3-րդ Կենտրոնն է, որ հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակներում: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ կառուցվել և գործում է երկու անասնաբուժական սպասարկման կենտրոն Արագածոտնի մարզի Արտաշավան և Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքներում:
Նախատեսված է ԳԱՍԿ-եր կառուցել նաև հանրապետության հինգ այլ մարզերում՝ Շիրակ, Տավուշ, Լոռի, Վայոց Ձոր և Կոտայք: Հաշվի առնելով ոլորտում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի ունեցած երկարամյա փորձը՝ ՀՀ կառավարության որոշմամբ հիշյալ կենտրոնների կառավարումն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է հիմնադրամին:
Ինչպես մնացած 10 կենտրոնները, այս կենտրոնը ևս կառաջարկի ծառայությունների լայն շրջանակ ֆերմերային տնտեսություններին, այդ թվում` անասնաբուժական ծառայություններ, հիվանդությունների կանխարգելում և բուժում, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական դեղորայքի, անասնաբուժական և անասնապահական սարքավորումների և պարագաների վաճառք, խորհրդատվություն և ուսուցողական դասընթացներ, ինչպես նաև կկապի ֆերմերներին անասնաբուժական և գյուղատնտեսական ապրանքների շուկայի հետ:
![](http://www.card.am/images/ann_jobs_small_img1.png)
![](http://www.card.am/images/ann_jobs_small_img2.png)